Ինչպե՞ս և որտե՞ղ անցկացնել հանգիստը: Ինչո՞ւ են երբեմն հանգստի մեկնողները դժգոհում առողջական խնդիրներից, վատ ինքնազգացողությունից: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ակադեմիկոս, ֆիզիոթերապևտ-մանուալիստ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:
«Խորհրդային տարիներին աշխատողներին, որպես կանոն, տրամադրում էին 24-օրյա վճարվող արձակուրդ, հանգստավայրեր մեկնելու ուղեգրեր (մանավանդ երբ աշխատանքը ֆիզիկական էր կամ առողջության համար վնասակար): Մասնագետների կարծիքով` աշխատավորին պետք էր 24-օրյա հանգիստ ուժերը վերականգնելու համար, որից հետո մարդը կարող էր արդյունավետ կերպով շարունակել աշխատանքը»,- ասաց Գագիկ Կարապետյանը, նշելով, որ օդը, ջուրը, արևը, միջավայրը, բնությունը նպաստավոր ազդեցություն ունեն առողջության վերականգնման համար: Մարդը տարվա մեջ գոնե մեկ ամիս պետք է միջավայրը փոխի, նոր բաներ տեսնի` անտառ, բնություն, ծով, ամենակարևորը, այն, ինչ մշտապես աչքը տեսել է, պետք է չտեսնի, իր պրոֆեսիոնալ գործունեությամբ չպետք է զբաղվի:
«Չէ՞ որ մարդու հիվանդությունը ասում է` ինչ արել ես մինչև հիմա, բավական է, չպետք է անես: Այսինքն` առողջ ապրելակերպի կանոնները խախտելու հետևանքով է ձեռք բերում այս կամ այն հիվանդությունը,- պարզաբանեց ակադեմիկոսը: - Որքան գիտեմ, հիմա աշխատավորին ամենաշատը 18-օրյա հանգիստ է տրվում: Ժողովրդի սոցիալական պայմաններն այնպիսին են, որ շատերը չեն կարողանում հանգստավայրեր մեկնել: Ոմանք էլ մեկնում են, բայց պատահում է, որ առողջական խնդիրների հետևանքով կեսից հետ են դառնում, ընդհուպ հայտնվում հիվանդանոցում»:
Ինչո՞ւ: Որովհետև, զրուցակցիս խոսքով, օրգանիզմը նոր պայմաններին հարմարվելու համար էներգետիկ պաշարներ չունի, պայքարում է և հիվանդության դեմ, և փորձում է հարմարվել բնակլիմայական նոր պայմաններին. «Լիարժեք ադապտացիայի համար 3-6 օր է պետք, իսկ 60-ից հետո՝ ավելի շատ: Սակայն մինչ մեկնելը պետք է խորհրդակցել մասնագետի հետ: Մարդը պետք է իմանա` կարելի՞ է արևային լոգանք ընդունել, կարելի՞ է տվյալ կլիմայական պայմաններում մնալ, ինքնաթիռ նստել, երկար ժամանակ ճանապարհորդել ավտոմեքենայով»: Այսպիսով, հանգստի մեկնելուց առաջ պետք է բժշկական հետազոտություն անցնել: Մանավանդ որ մեզանում պրոֆիլակտիկ բուժզննման անցնելու կուլտուրան գրեթե բացակայում է:
Գագիկ Կարապետյանը հիշեցրեց նաև, որ օրնիբուն աշխատող մարդը (արձակուրդային օրերից զատ) պետք է անպայման հանգստի ժամանակ ունենա, որպեսզի օրգանիզմը վերականգնվի, հենաշարժական ապարատը հանգստանա: «Երկարատև նույն աշխատանքն անելիս պլանտացիաներում ստրուկները մահանում էին: Մարդը չի կարող անդադար ստրուկի պես աշխատել: Հոգեֆիզիկական առողջ կենսակերպն ապահովելու, ապրելու և հետագա խնդիրները կարգավորելու համար պետք է հիշել՝ մարդու համար հանգիստը անհրաժեշտություն է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ